Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, և Բաքուն, նրա խոսքով, գործնական քայլերով ցույց է տվել խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը։ Այդ մասին նա ասել է թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում, գրում է Factor.am-ը:
Նշվում է, որ Հաջիևը դրական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգի ընդունումը՝ որպես հիմնական մոտեցում։
«Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը ևս ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրականությունը և համապատասխանաբար ձևավորում է իր քաղաքականությունը։ Հայաստանն այժմ գիտակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունն իր սեփական զարգացման համար»,- նշել է Հաջիևը։
Նա նաև հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության բաղադրիչ է և, նրա գնահատմամբ, համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին։
«Որովհետև Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր սեփական զարգացման համար։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան խաղաղության գործընթացները զուգահեռ ընթանան և արդյունքների հասնեն», – ընդգծել է Հաջիևը։
Բացի այդ, նա կրկնել է Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ որի՝ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է Սահմանադրությունից հանի այն դրույթները, որոնք Բաքուն դիտարկում է որպես տարածքային պահանջներ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից: