ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը, իր գնահատմամբ, շուտով կավարտվի՝ միաժամանակ անդրադառնալով ամերիկյան զինված ուժերի զինամթերքի մատակարարման խնդիրներին։
«Կարծում եմ՝ դա բավական շուտ կավարտվի։ Չեմ կարծում, որ նրանք կարող են շատ ավելի երկար շարունակել»,-ասել է նա, հայտնում է Reuters-ը:
Պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետ հնգամսյա պատերազմի ընթացքում ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների համաշխարհային պաշարների զգալի մասը։ Զինամթերքի պաշարների վիճակի մասին հարցին պատասխանելիս Թրամփը նշել է, որ որոշ տեսակի սպառազինությունների պաշարները գրեթե անսահմանափակ են, սակայն ընդունել է, որ մյուսների առկայությունն ավելի սահմանափակ է։
«Մենք ունենք որոշակի տեսակի շատ հզոր զինամթերք, որի պաշարն անսահմանափակ է, գրեթե անսահմանափակ։ Ունենք նաև այլ տեսակներ, որոնց դեպքում պաշարները փոքր-ինչ ավելի սահմանափակ են»,— ասել է Թրամփը։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանական ընկերությունները նոր արտադրական գործարաններ են կառուցել՝ ներառյալ Patriot և Tomahawk հրթիռների արտադրության համար նախատեսված ձեռնարկությունները։
Պենտագոնի տվյալներով՝ փետրվարից, երբ սկսվել են Իրանի դեմ առաջին ամերիկյան հարվածները, վիրավորվել է առնվազն 624 ամերիկացի զինծառայող։ Նրանցից 417-ը վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ «Էպիկական ցասում» ռազմական գործողության ընթացքում։