ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ օգոստոսի 7-ին մեկնարկող դատական գործընթացը՝ կոչ անելով քաղաքացիներին համախմբվել եկեղեցու շուրջ: Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային:
«Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:
Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։
Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:
Որպես ՀԱԵ հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետին։
Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։
Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետի շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը։