Երևանում նախատեսվում է $500 մլն արժողությամբ խաղային և զբոսաշրջային համալիր ստեղծել

Երևանում նախատեսվում է ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր՝ մոտ 500 մլն դոլար ընդհանուր գնահատված ներդրումով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։

«Global Tribe Gaming» ընկերությունը կհամագործակցի «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ:

40 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել հարակից անշարժ գույքի զարգացման համար, այդ թվում՝ լրացուցիչ հյուրանոցային աշտարակի կառուցման նպատակով։

Նախագծով նախատեսվում է ստեղծել մոտ 1000 աշխատատեղ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև խաղային ոլորտի հարկային, լիցենզավորման, կարգավորման և վճարային համակարգերին առնչվող հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Թովմասյանը։

Leave a comment