ԱԺ-ում, ներկայացնելով ՀՀ–ում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱԺ հայտարարության նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասել է․ «Անհերքելի է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի» ։
Նա ընդգծել է, որ քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, բլոգերներ, հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը նվիրած անձանց ընտանիքի անդամներ, ակտիվ քաղաքացիներ։
«Այս հայտարարությամբ արձանագրում ենք, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական և իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են ՀՀ ստանձնած միջազգային, այդ թվում՝ ԵԽ-ի անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին։ Փաստում ենք, որ տեղի ունեցողը համակարգվում է նույն իշխանության ներկայացուցիչների կողմից»,-ասել է Վարդանյանը։
Հայտարարությանը բացասական եզրակացություն տված Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե ԵԽԽՎ զեկույցում խոսք չկա քաղբանտարկյալների մասին, հետևաբար՝ նման խնդիր էլ չկա։
«Եթե ԱԺ-ն հայտարարություն ընդունի, ապա պետք է առնվազն պաշտոնանկ արվեն Գլխավոր դատախազը, քննչական և իրավապահ կառույցների ղեկավարները։ Պետք է գործընթացներ սկսվեն ամբողջ իրավական համակարգում։
Դուք իրո՞ք ուզում եք հավասարության նշան դնել Հայաստանի և ցանկացած ավտորիտար երկրների միջև, որտեղ կան հազարավոր քաղբանտրակյալներ։ Նման հավասարության նշանը ոչ ձեզ ոչ ինձ, ոչ մեր պետությանը պատիվ չի բերում»,-հարցրել է Վարդանյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի հայտարարության մասին որոշումն ընդգրկվի ԱԺ օրակարգ։