Առեղծվածային մահվան դեպք. ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել է տղայի մարմինը

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ապա դեպքի վայր ժամանած հանրապետական շտապօգնության Գյումրու ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողներից շիրիմների մոտ, ինչպես նաև նամակ, որում մասնավորապես գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք զանգեք ոստիկանություն 02 համարին»։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment