«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների օրակարգում բարձր տեղ է զբաղեցնում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները»,- «Իզվեստիա»-ին ասել է նա։
Փոխնախարարի խոսքով, հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության առումով իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը։
Նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ամփոփելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանին առաջարկել էր համալիր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում:
Համագործակցությունը կարող է ներառել մեծ, միջին կամ փոքր հզորության ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ոչ միջուկային բնույթի նախագծեր, պարզաբանել են «Ռոսատոմում»:
Ատոմակայանի մոդելի ընտրության վերաբերյալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ նոր ատոմակայանը կլինի մոդուլային, սակայն վերջնական ընտրությունը կկատարվի 2026-2027 թվականներին։
Նախարարը հայտնել է, որ ատոմակայանի կառուցման հարցում առաջարկներ են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի կողմից։
Հայկական կողմն արդեն իսկ ուսումնասիրում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։