Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել

Քաղաքականություն

05.08.2026 | 12:59

Ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել՝ նախագահի նախատեսված այցից կարճ ժամանակ առաջ, գրում է DPA գործակալությունը։

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտը հայտնել է, որ կիրակի քաղաքացիական հագուստով ոստիկանները Թրամփի՝ Ռանչո Պալոս Վերդեսում գտնվող Trump National Golf Course-ում նկատել են կասկածելի անձի, որը «լուսանկարներ և տեսանյութեր էր անում և, ըստ երևույթին, հետևում էր անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքներին»։

Տղամարդը ձերբակալվել է, ոստիկանությունը նրանից առգրավել է փամփուշտներ և 16 փամփուշով պահունակ։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և լրացուցիչ լիցքավորված փամփշտատուփ։ Հետագա խուզարկությամբ էլ նրա տանը հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ, զրահաբաճկոններ, ռադիոազդանշանային սարքեր և «մի քանի տետր, որոնք պարունակում էին մտահոգիչ հայտարարություններ», հայտնել է ոստիկանությունը։

Սպասվում էր, որ երեքշաբթի երեկոյան Թրամփը կայցելի այդ գոլֆի դաշտ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության համար դրամահավաքի նպատակով կազմակերպված ընթրիքին։

Թրամփի անվտանգության ապահովումը վերջին շրջանում մեծ ուշադրության կենտրոնում է՝ մի շարք միջադեպերի պատճառով։ Ապրիլին Վաշինգտոնում մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ էին հնչել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները տարհանել էին Թրամփին և նրա կնոջը, իսկ միջոցառումը ստիպված էին եղել դադարեցնել։

Փետրվարին Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում իշխանությունները սպանել էին զինված տղամարդու։

2024 թվականին էլ Փենսիլվանիայում կայացած քարոզարշավի ժամանակ Թրամփի ուղղությամբ կրակոց էր արձակվել՝ թեթևակի վնասելով նրա ականջը։ Նույն տարվա վերջին գաղտնի ծառայությունը կրակել էր զինված տղամարդու վրա, որը թաքնվել էր Թրամփի գոլֆի դաշտի մոտ թփերում՝ West Palm Beach-ում։ Ենթադրվում էր, որ նա հարձակում էր պլանավորում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment