Քաղաքականություն
05.08.2026 | 10:45
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 5-ի գիշերը հարվածել են Տուլայի մարզի Wildberries-ի տեսակավորման կենտրոնին, հայտնել են տեղական իշխանությունները և ընկերության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։
Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել Ալեքսինի լոգիստիկ կենտրոնում։ Wildberries-ը հայտարարել է, որ պահեստի աշխատակիցները տարհանվել են։
Նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով՝ ռուսական ուժերը գիշերը Տուլայի մարզի վրա ոչնչացրել են ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով վնասվել են Վենևսկի շրջանում երկու բնակելի շենքեր, ինչպես նաև Նովոմոսկովսկում և Ուզլովսկի շրջանում երկու «արդյունաբերական օբյեկտներ»։ Նա չի նշել, թե որոնք են այդ օբյեկտները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է։ Միլյաևի հայտարարությունից պարզ չէ՝ արդյո՞ք այդ անձը վիրավորվել է Wildberries-ի պահեստի վրա հարձակման ժամանակ։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը ՀՕՊ համակարգերը ՌԴ շրջանների, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 475 անօդաչու թռչող սարք։
Հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինան հարվածներ է հասցրել Wildberries-ի ավելի քան 20 պահեստների։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի