ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters

Քաղաքականություն

04.08.2026 | 19:57

ԱՄՆ բանակը Իրանի հետ պատերազմի հինգ ամիսների ընթացքում սպառել է իր հեռահար բարձր ճշգրտության հրթիռների մեծ մասը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների: Դրանք հիմնականում ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրվող ATACMS և Precision Strike Missiles (PrSM) երկիր-երկիր դասի հրթիռներն են, գրում է The Insider-ը։

Երկու աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն օգտագործել է գրեթե բոլոր այս հրթիռները։ Սակայն Reuters-ի զրուցակիցները հրաժարվել են ասել, թե Վաշինգտոնը դեռևս քանի՞ նման զենք ունի։ CSIS-ի մարտ ամսվա զեկույցի համաձայն՝ այս հրթիռներն օգտագործվել են Իրանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար։

Պաշարների մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում ասվում է, որ ԱՄՆ-ն «աշխարհում բոլորից շատ զինամթերքն ունի» և «մեզ անհրաժեշտից շատ ավելին»։

Պենտագոնի ներկայացուցիչը նույնպես չի պատասխանել այդ հարցին՝ փոխարենը հայտարարելով, որ «ԱՄՆ զինված ուժերն աշխարհում ամենահզորն են և ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է նախագահի կողմից ընտրված ժամանակին և վայրում առաջադրված խնդիրները կատարելու համար»։

ATACMS-ը, որը ԱՄՆ-ը սկսել է մատակարարել Ուկրաինային 2023 թվականին, կարևոր դեր է  խաղացել  ռուս-ուկրաինական պատերազմում՝ թույլ տալով Կիևին Ռուսաստանի տարածքին ներսին հարվածներ հասցնել:

PrSM-ն ավելի նոր և առաջադեմ մոդել է՝ մեծ հեռահարությամբ, որը նախատեսված է ATACMS-ին փոխարինելու համար: Այս հրթիռների արժեքը գերազանցում է 1 միլիոն դոլարը՝ մեկ միավորի համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment