Արաբական երկրները քննարկում են Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավթամուղի կառուցումը

Քուվեյթը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և տարածաշրջանի այլ երկրների հետ բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավթամուղի կառուցման շուրջ։ Այս մասին ճապոնական Kyodo գործակալությանը հայտնել է Քուվեյթի նավթի նախարար Թարիք Սուլեյման ալ-Ռումին։

Նրա խոսքով՝ քննարկվում է նախագծի իրականացման երկու հիմնական երթուղի։ Առաջինը նախատեսում է նավթամուղի անցկացում Սաուդյան Արաբիայի տարածքով դեպի Կարմիր ծով կամ Օման, իսկ երկրորդ տարբերակը՝ Քուվեյթի միացումը ԱՄԷ-ի Ֆուջեյրա էմիրությանը, որը գտնվում է Հորմուզի նեղուցից դուրս։

Նախարարը նշել է, որ վերջնական որոշումը կընդունվի Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի մյուս գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։ Կողմերը ներկայումս փորձում են ընտրել նախագծի իրականացման առավել արդյունավետ և տնտեսական տեսանկյունից հիմնավորված տարբերակը։

Ալ-Ռումիի խոսքով՝ Հորմուզի նեղուցի փաստացի փակվելու հետևանքով Քուվեյթի նավթի արտահանումն ամբողջությամբ դադարել է։ Նա ընդգծել է, որ քանի դեռ նեղուցը մնում է փակ, նավթի մատակարարումները հնարավոր չեն։ Բացի այդ, հարձակումների հետևանքով վնասված նավթային պահեստարանների վերականգնման համար, ըստ նախարարի, կպահանջվի առնվազն մեկ տարի։

Նախարարը նաև հայտնել է, որ Քուվեյթը բարեկամ պետությունների հետ քննարկում է ռազմավարական նավթային պաշարների ավելացման հնարավորությունը։ Նա դատապարտել է Իրանի կողմից Քուվեյթի և Պարսից ծոցի մյուս երկրների ուղղությամբ իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ ընդգծելով, որ Քուվեյթը որևէ ռազմական գործողություն չի իրականացրել Թեհրանի դեմ և մտադիր է ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment