Կառավարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծի անկախ կյանքի կենտրոն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում օրենքի մակարդակով սահմանվում է անկախ կյանքի կենտրոնը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում սահմանում ենք «անկախ կյանքի կենտրոնը»՝ որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը, անկախ կազմակերպաիրավական ձևից, կարծում ենք, որ պետք է կարգավորված լինի: Առաջարկում ենք նաև թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը թույլատրվում է ֆինանսավորել միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում: Եվ, երբ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամենն իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք»,-ասաց Թորոսյանը:
«Զինապահ» հիմնադրամը ցանկություն է հայտնել ֆինանսավորել պատերազմի հետևանքով վիրավորներին աջակցող միջոցների ձեռքբերումը, խոսքը վերին և ստորին վերջույթների պրոթեզների մասին է:
Նախարարը հիշեցրեց՝ պետական ծրագրով թույլ են տալիս ուսման կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ անձնական օգնական, որի համար պետությունը վճարում է: Սակայն այդ գործընթացը մի փոքր խրթին է: Կնքում ենք երկու երկկողմանի պայմանագրեր: Խնդրում ենք թույլ տալ ունենալ մեկ եռակողմ պայմանագիր՝ հաշմանդամություն ունեցող անձի, անձնական օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև:
Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոններն առաջին անգամ ստեղծվել են 1972 թ-ից, և հատկապես Եվրոպայում տարածում են գտել: «Դրա հիմնական նպատակն է նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի վերաբերյալ իրենք կայացնեն որոշումներ և կյանքի բոլոր ոլորտներում կարողանան լիարժեք ներառվել: Կենտրոնները հիմնականում ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, բայց Հայաստանում առաջին կենտրոնը կստեղծվի Կառավարության կողմից ու Կառավարության աջակցությամբ: Դրա գործունեության կարգն ու սկզբունքները կմշակվեն ներառական սկզբունքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունների հետ համատեղ»,-նշեց պատգամավորը: