Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման վերաբերյալ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են նեղուցով միջազգային նավափոխադրումների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու մեխանիզմները։ Արաքչին նշել է, որ բանակցություններում առաջընթաց կա, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ երթուղիներից մեկը, քանի որ Պարսից ծոցի նավթային արտահանման զգալի մասը իրականացվում է հենց այս ջրային ճանապարհով։
Նեղուցում նավագնացության անվտանգությունն ունի ռազմավարական նշանակություն միջազգային էներգետիկ շուկաների համար, քանի որ դրա շուրջ ցանկացած լարվածություն կարող է անդրադառնալ նավթի մատակարարումների և համաշխարհային գների վրա։