Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարո՞ւմ․ փաստերն ընդդեմ՝ ՔՊ-ական պատգամավորի

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի նկատմամբ վարվող հիբրիդային պատերազմին, պնդել է՝ Թուրքիան և Ադրբեջանը դրան մասնակցություն չունեն։ 

Լրագրողի հարցին, թե ո՞ր երկրներից են այդ հարձակումները, Բաքոյանը պատասխանել է․ «Բացահայտված են բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ տեղի ունենում․․․Կարծում եմ՝ [երկիրը, որտեղից լինում են հարձակումներ] շատ ակնհայտ է»։ 

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք պատգամավորը նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը, Բաքոյանը պատասխանել է․ «Ոչ, Թուրքիան ու Ադրբեջանը չեն միջամտում»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ամենից հաճախ կիրառվող հիբրիդային պատերազմի դրսևորումներն ու գործիքակազմը։ 

Հյուսիսատլանտյան դաշինքը սահմանում է«Հիբրիդային պատերազմը ներառում է ռազմական և ոչ ռազմական բաղադրիչներ, ինչպես նաև գաղտնի և բացահայտ միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումները, տնտեսական ճնշումը, ներքին գործերին միջամտությունը»։ 

Եվրամիությունը սահմանում է«Ավանդական և ոչ ավանդական, հարկադրանքի և դիվերսիոն միջոցառումների խառնուրդ՝ ներառյալ դիվանագիտական, ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական գործիքները, որոնք համակարգված կերպով օգտագործվում են պետական ​​կամ ոչ պետական ​​գործիչների կողմից՝ հակառակորդին անկայունացնելու համար՝ առանց ֆորմալ պատերազմ հայտարարելու»։ 

ՀՀ ինքնիշխան տարածքը՝ «Արևմտյան Ադրբեջան»

Այսպես, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հաջողություն գրանցելուց հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի աշխատակազմը դաշտ նետեց «Արևմտյան Ադրբեջանի» արհեստածին հարցը՝ գործադրելով այն միջազգային օրակարգի մաս դարձնելու գործուն և հետևողական ջանքեր: Հարցը, ըստ էության, իբրև թե փախստականների վերադարձի իրավունքի տակ քողարկված ծավալապաշտական նպատակներ ունեցող ծրագիր է, համաձայն որի՝ «Արևմտյան Ադրբեջանը» ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ 

Կարճ ժամանակում Բաքուն ստեղծեց «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպությունը, ինչպես նաև քարոզչական ուղեկցումն ապահովող ռեսուրսներ՝ ինչպիսին են, օրինակ՝ «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքը, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հեռուստատեսությունը։ Սրան զուգահեռ, կազմակերպվեցին տեղական ու միջազգային մակարդակի միջոցառումներ՝ նվիրված այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքին, «Արևմտյան Ադրբեջանի» գիտական-մշակութային կյանքին։ 

Արտապատկերումը՝ «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքից։

Մասնավորապես, «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքը կեղծում է Հայաստանի պատմությունը՝ երկրի բոլոր եկեղեցիներն ու հուշարձանները ներկայացնելով որպես ադրբեջանական, իսկ հայ ժողովրդին՝ եկվոր։ Կայքի կեղծ հրապարակումները համակարգված ձևով արտատպում են տասնյակ ֆեյսբուքյան քարոզչական էջեր ու Բաքվի համակարգման տակ գտնվող մեդիառեսուրսներ։ 

«Հետք» լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ևս մեկ անգամ ապացուցեցին՝ այս ծրագրի առաջ մղողը հենց Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Ալիևի աշխատակազմը ֆինանսավորել է համայնքի տարբեր միջոցառումներ։ Օրինակ, նախագահականը մոտ 23.500 դոլարի պայմանագիր է կնքել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության աշխատակազմի ղեկավար Գալիբ Գասիմովի հետ՝ Բաքվում 2023 թվականի դեկտեմբերի 5-ին «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով միջազգային կոնֆերանսի իրականացման համար։ 

Աշխատակազմը պայմանագիր է կնքել նաև «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» ադրբեջանական ՀԿ-ի հետ, որպեսզի վերջինս համապատասխան տեղեկատվություն տեղադրի «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակում՝ 11.800 դոլար արժեքով:

Հատկանշական է, որ ՀՀ  արտաքին հետախուզության ծառայության 2025 թվականի զեկույցը ևս անդրադառնում է այս սպառնալիքին՝ շեշտելով, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»։

Ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը։ 

«Զանգեզուրի միջանցք»․ TRIPP-ի ու Նոյեմբերի 9-ի լեզվաբանական խեղաթյուրումը

44-օրյա պատերազմի հրադադարի նպատակով Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Բաքուն առաջ մղեց ՀՀ ինքնիշխան տարածքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը․ այսպիսով խեղաթյուրվում էր ստորագրված փաստաթղթի 9-րդ կետը՝ պնդելով, թե իբր ՀՀ-ն պարտավորվել է Ադրբեջանին միջանցք տալ ռուսական վերահսկողությամբ։ 

Բաքվին նման խոսույթի տարածման գործում մեծ քարոզչական աջակցություն էր ցուցաբերում նաև ռուսաստանյան պետական քարոզչամեքենան (1,2)։ 

Կարդացեք նաև՝ «Հայկական տեղանուն Ձագէձոր/Զանգեզուր. պատերազմի լեզվաբանական կողմը»

Հատկանշական է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ այս խեղաթյուրված ու մանիպուլյատիվ խոսույթը շարունակվեց նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված եռակողմ հռչակագրից ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո․ Ալիևը, տարբեր առիթներով ՀՀ սուվերեն տարածքում իրականացվելիք նախագիծը անվանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։ 

Մինչդեռ համաձայն հռչակագրի՝ Հայաստանով անցնող հատվածը ոչ թե «Զանգեզուրի միջանցք» է կոչվում, այլ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity (TRIPP))։ Իսկ հաղորդակցության ծրագրի իրականացումը երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ ձևաչափում է։ 

Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ներքին գործերին միջամտելու գործիք

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն պաշտոնապես բարձրաձայնեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ որպես երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ (1,2)։ 

Հատկանշական է, որ Բաքուն շարունակել է պահանջել ՀՀ սահմանադրության փոփոխություն անգամ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում  Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո, դրանում շատ հստակ նշվում էր․ «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:

Այսինքն, թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը այս համաձայնագրով ստանձնում են միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություն և չեն կարող այն խախտել կամ կասկածի տակ դնել՝ իրենց ներքին օրենսդրությանը, այդ թվում՝ սահմանադրությանը հղում անելով։ Փաստացի, համաձայնագիրը փարատում է նման մտահոգությունները, սակայն Ալիևը շարունակում է այս նախապայմանն առաջ մղել՝ հակասելով 12-րդ հոդվածի ոգուն։ 

Միևնույն ժամանակ, Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխության նախապայմանով խախտում է համաձայնագրի 4-րդ հոդվածը, որով «կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»։

Կրոն ու կեղծիք․ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցին

2025 թվականի հունիսին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներով (1, 2) թիրախավորեց Հայ առաքելական եկեղեցին․ նա, մասնավորապես, պնդում էր, թե Էջմիածինը պատկանել է ադրբեջանցիներին, այնտեղ գործել է այսպես կոչված «Իրևանի ղազիաթը», որը «ենթարկվում էր Կովկասի մուսուլմանների վարչությանը»։ 

Կեղծ պնդում անելով, թե ՀԱԵ-ն զավթել է «ադրբեջանցիներին պատկանող  հողերը ու դրա վրա հիմնել իր հոգևոր ենթակառուցվածքները դարձրել այն իր հոգևոր կենտրոնը»՝ Փաշազադեն որոշում էր կայացրել այլ երկրի ինքնիշխան տարածքում ինչ-որ կառույց, այս դեպքում՝ «Իրևանի ղազիաթը վերականգնել»։ 

Այսպիսով, Բաքուն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի գործիք է դարձրել նաև կրոնական կազմակերպությունը, որն իր գործողություններով ու պնդումներով քարոզչական աջացություն է ցուցաբերում Հայոց պատմությունը խեղաթյուրող ու հիմնովին կեղծ խոսույթին։ 

Գերիների հարցը՝ հիբրիդային ճնշման միջոց

Չնայած միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են, որ Բաքվում հայ գերիներն ապօրինաբար են պահվում՝ ընդունելով նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող   բանաձևեր (1, 2), Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու միաժամանակ հարցը բանեցնել Հայաստանի դեմ որպես դիվանագիտական, ինչպես նաև հայ հանրության նկատմամբ բարոյական, տեղեկատվական ճնշման միջոց։ 

Գերիների հարցն ուղեկցվում է Բաքվի կողմից իրականացվող կեղծ դատավարության շրջանակում տարածվող ապատեղեկատվությամբ․ հայ գերիները ցուցադրաբար ներկայացվում են որպես «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» (1, 2), նրանց մեղադրանքներն անիրական փաստերի վրա են հիմնված կամ բացակայում են ամբողջովին։ 

Փաստացի, ցուցադրական դատավարությունները նպատակ ունեն վախի, ամոթի զգացում գեներացնել ոչ միան գերիների, այլ նաև նրանց ընտանիքների ու ամբողջ հայ հանրության վրա։ Դրանք ծառայեցվում են նաև միջազգային լսարանի շրջանում խեղաթյուրված ու մանիպուլյատիվ պատկեր ստեղծելու նպատակով, այնպես, որ Ադրբեջանը դիրքավորվի հակամարտության «արդար» ու «լեգիտիմ» կողմ։

Թուրքական հետքը 

«Փաստերի ստուգման հարթակը» հատկապես վերջին մեկ տարում բացահայտել է թուրքական հետք ունեցող քարոզչական, ապատեղեկատվական արշավներ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ 

Դրանցից ամենահայտնի դերակատարներից է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Օքայ Դեփրեմը, որը տարաբնույթ թուրքական մեդիառեսուրսներում կեղծ և ՀՀ ներքին կյանքի ապակայունացմանը միտված լուրեր է հեղինակել։ 

Նրա՝ ՀՀ-ի դեմ ուղղված կեղծ լուրերի շարքին են պատկանում բազմամիլիոնանոց լսարան ունեցող թուրքական ODA TV-ում և CTGN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված՝ «ՀՀ-ում մզկիթներ կառուցելու», «Սյունիքը Ադրբեջանին, իսկ Արմավիրի մարզը Թուրքիային տալու», «ՀՀ-ում գեյշքերթ անցկացնելու» և այլ լուրեր (1,2,3)։ 

Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ ու համակարգված հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Թուրքիան ևս որոշակի մասնակցություն ունի դրան․ հետևաբար ՔՊ-ական պատգամավորի պնդումը, թե այս երկրները չեն իրականացնում ՀՀ-ի դեմ նման գործունեություն կամ «չեն միջամտում մեր գործերին», սխալ է։ 

Նանե Մանասյան

The post Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարո՞ւմ․ փաստերն ընդդեմ՝ ՔՊ-ական պատգամավորի appeared first on FIP.AM.

Leave a comment