Իրանի գերագույն ղեկավարի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օգտագործման հարցերում Միացյալ Նահանգները որևէ դեր կամ առնչություն չունեն, քանի որ այն գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում։ Նրա խոսքերը փոխանցում է Mehr գործակալությունը։
Ռեզային ընդգծել է, որ Հորմուզի նեղուցից օգտվում են աշխարհի բոլոր երկրները, սակայն դա չի նշանակում, որ Վաշինգտոնը կարող է միանձնյա ազդեցություն ունենալ դրա ճակատագրի վրա։
«Հորմուզի նեղուցը որևէ կապ չունի ԱՄՆ-ի հետ։ Դրանից օգտվում է ամբողջ աշխարհը, սակայն ոչ մի երկիր թույլ չի տա, որ Ամերիկան միանձնյա միջամտի դրա ճակատագրին»,- հայտարարել է նա։
Խորհրդականի խոսքով՝ Հորմուզի նեղուցը ռազմավարական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն հանդիսանում է Պարսից ծոցի մուտքը, այլ ոչ թե պարզապես երկու ծովերի կամ օվկիանոսների միջև գտնվող սովորական ջրային ուղի։
«Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ցանկանում Հորմուզի նեղուցով մտնել Պարսից ծոց։ Հենց սա է պատճառը, որ մենք կասկածանքով ենք վերաբերվում ամերիկյան հակառակորդ կառավարությանը, քանի որ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ»,- հավելել է Ռեզային։
Նրա այս հայտարարությունը հնչել է Հորմուզի նեղուցի շուրջ աճող լարվածության պայմաններում, որը համարվում է նավթի համաշխարհային փոխադրումների կարևորագույն ուղիներից մեկը։
Վերջին շաբաթներին Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է վերահսկել տարածաշրջանում նավերի տեղաշարժը, ինչպես նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հնարավոր ռազմական ճնշման հետևանքների մասին։