Երևանի քաղաքապետարանը խլել է «Մուլտի Ուելնեսի» շարժական գույքը. կենտրոնի տնօրեն

Բաժանորդագրվել

«Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրենը դիմել է քաղաքային իշխանությանը, որպեսզի վերջինները ներկայացնեն շարժական ու անշարժ գույքը վերցնելու հիմքերը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի ողջ շարժական գույքը ապօրինի կերպով խլել է Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրեն Արման Փիրոյանը։

Նշենք, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է «Երևան Ուելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։

«Երևանի քաղաքապետարանը մեր կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունն է հռչակել։ Այժմ էլ հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանը նաև ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես» կենտրոնի ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես սենթր» կազմակերպությանը։ Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնեսղ կենտրոնին, դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից»,– գրել է Փիրոյանը։

Նա դիմել է նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի վերջինները հրապարակային հայտնեն, թե ինչ հիմքով է իրենց ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը և ինչ հիմքով է այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնեսից»։

Leave a comment