Այսօր Արաքս Մանսուրյանի հոբելյանն է


Այսօր օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:


Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում:


Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։


1977-1992 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:


1992 թվականին հրավիրվել է Սիդնեյի Opera Hause՝ որպես մեներգչուհի, որտեղ և շարունակում է իր մասնագիտական ու մանկավարժական գործունեությունը:


Նա դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ ներկայացնելով հայկական երգարվեստը։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երկացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։


Ձայնի գեղեցիկ տեմբրի, դիապազոնի և երաժշտաբեմական տվյալների շնորհիվ Արաքս Մանսուրյանի երկացանկում ընդգրկված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական օպերայի ամենաբարդ ստեղծագործությունները, ինչպես օրինակ՝ Էլիզաբեթը («Դոն Կարլոս» օպերայից), Նեդդան («Պայացներից»), Լեոնորան («Տրուբադուրից»), Աիդան («Աիդայից»), Ամելիան («Դիմակահանդեսից»), Իզոլդան («Տրիստան և Իզոլդայից»), Շուշանը («Դավիթ-Բեկից»), Անուշը («Անուշ» օպերայից)։


2015 թվականին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:


Արաքս Մանսուրյանի անունը սերտորեն կապված է հայկական օպերային արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման հետ։ Տարիներ շարունակ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի հեղինակավոր բեմերում:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ջերմորեն շնորհավորում է անվանի երգչուհուն և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, հավատարիմ հանդիսատես և լեփ-լեցուն դահլիճներ:

Դիտումների քանակ1

Leave a comment