Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները նույն վճռականությամբ կպաշտպանեն Սեուտայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ինչպես Մադրիդինը։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վերջին օրերին Սեուտայում սրվել է միգրացիոն իրավիճակը՝ Մարոկկոյից հազարավոր միգրանտների զանգվածային ներհոսքի պատճառով։
«Պետությունն այստեղ է։ Մենք կպաշտպանենք Սեուտայի անվտանգությունն ու համակեցությունն այնպես, ինչպես կպաշտպանեինք Մադրիդում՝ M30 մայրուղու վրա։ Աշխարհագրական առումով կարող են լինել կենտրոն և ծայրամաս, սակայն պետական ինստիտուտների, քաղաքականության և զարգացման տեսանկյունից ո՛չ ծայրամաս կա, ո՛չ կենտրոն», – հայտարարել է Սանչեսը Սեուտա կատարած այցի ընթացքում։
Վարչապետի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ միջազգային մամուլը հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ Մարոկկոյից փորձել են ծովով և ցամաքով մուտք գործել Սեուտա՝ առաջացնելով լուրջ մարդասիրական և անվտանգության ճգնաժամ։ Իսպանիան սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ ուժեր է տեղակայել տարածաշրջանում, իսկ Մադրիդն ու Ռաբաթը սկսել են համագործակցել անօրինական միգրանտների վերադարձի ուղղությամբ։
Սեուտան Իսպանիայի ինքնավար քաղաքներից է, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին։ Այն Եվրոպական միության ցամաքային սահման ունեցող երկու իսպանական անկլավներից մեկն է և տարիներ շարունակ մնում է միգրացիոն ճնշման ու Մադրիդ–Ռաբաթ հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը։