Չինաստանի արտադրական ակտիվությունը հուլիսին անսպասելիորեն նվազել է

Չինաստանում հուլիսին արտադրական ակտիվությունն անսպասելիորեն կրճատվել է՝ առաջին անգամ ընթացիկ տարվա փետրվարից ի վեր, ինչը պայմանավորված է արտահանման ծավալների նվազմամբ, հաղորդում է CNBC-ն։ Արտադրական հատվածի պաշտոնական գնումների կառավարիչների ինդեքսը (PMI) հունիսի 50.3 կետից նվազել է մինչև 49.2 կետ՝ իջնելով 50 կետի սահմանագծից, որը տարանջատում է աճն ու անկումը։

Ցուցանիշի անկումը վերջ դրեց երեք ամիս շարունակված աճին, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընկերությունները փորձում էին արագացնել մատակարարումները՝ մինչև ԱՄՆ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի բարձրացումը։ China Beige Book-ի տվյալներով՝ «ԱՄՆ մատակարարումները մի քանի ամիս անց առաջին անգամ նվազել են» այն բանից հետո, երբ հունիսին դրանք աճել էին 14%-ով, ինչը նախկինում նպաստել էր Չինաստանի ընդհանուր արտահանման 27% աճին։ Ձեռնարկությունները մինչև օրերս ակտիվորեն արտահանում էին ապրանքներ՝ ակնկալելով, որ ԱՄՆ իշխանությունները կսահմանեն լրացուցիչ մաքսատուրքեր։

Երկրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսությունը տարեկան արտահայտությամբ աճել է 4.3%-ով, ինչը վերջին ավելի քան երեք տարվա ամենադանդաղ աճի տեմպն է։ Երկրի ղեկավարությունը վերջին նիստում ընդունել է, որ տնտեսությունը բախվում է դժվարությունների, և խոստացել է արագացնել պետական բյուջեի ծախսերը։ Միաժամանակ Eurasia Group-ի փորձագետները նշում են, որ «պաշտոնյաները շարունակում են առաջնահերթություն տալ ռիսկերի զսպմանը, այլ ոչ թե կարճաժամկետ տնտեսական աճին»։

Leave a comment