Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի

Քաղաքականություն

31.07.2026 | 15:21

Լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը կորցրել է շուրջ 700,000 զինծառայողի, ռուսական կողմի ընդհանուր կորուստները հասել են 1,6 միլիոնի, մինչդեռ Ուկրաինայի կորուստները կազմում են մոտ 50,000 զոհ և 400,000 վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կան կորուստներ՝ 1,600,000 մարդ և շուրջ 700,000 զոհ»,- ասել է Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի բանակի կորուստներին։

Միաժամանակ, նրա խոսքով՝ Ուկրաինան անվտանգության նկատառումներից ելնելով չի բացահայտում իր կորուստների մասին ամբողջական տվյալները։

«Մենք ունենք մոտավորապես 50,000 զոհված զինվոր, մոտավորապես 400,000 վիրավոր և հսկայական թվով անհետ կորածներ»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի պարտվում պատերազմում և իր պետականության ու անկախության պահպանումը համարում է հաղթանակ։

«Հաղթանակը չկորցնելն է՝ մեր երկիրը, մեր անկախությունը։ Հետևաբար, այս տեսանկյունից մենք հաղթում ենք։ Բայց հաշվի առնելով մարտադաշտում իրական իրավիճակը՝ կարևոր է, որ Ռուսաստանի ձեռքում չլինի նախաձեռնությունը։ Մենք չենք պարտվում, և նրանք չեն հաղթում»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment