Դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի առաջատար երկրները, ներգաղթողների թվի եռապատկումը և նոր իրողություններ Հայաստանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեկ տարվա մեջ Հայաստան կացության կարգավիճակի համար դիմողների թիվը եռապատկվել է․ եթե 2025 թվականի առաջին կիսամյակին ՆԳՆ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն (ՄՔԾ) աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմել էր շուրջ 3000 ներգաղթյալ, ապա 2026 թվականի առաջին կիսամյակին այդ թվերը եռապատկվել են՝ հասնելով շուրջ 9000 դիմումի: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Նրա խոսքով` դեպի Հայաստան ներգաղթողների աշխարհագրությունը տարեց-տարի ընդլայնվում է, եթե նախորդող երկու տարիներին՝ 2024-2025 թվականներին ներգաղթի առումով առաջին տեղում Հնդկաստանն էր ու Իրանը, ապա այս առաջին հորիզոնական են դուրս եկել Վիետնամն ու Չինաստանը, որոնց արդեն հաջորդում են Հնդկաստանը, Իրանը, Բանգլադեշը:
«Ներգաղթյալների թվերի հետ կապված պատկերը բավականին բարդ է: Եթե օտարերկրացի միգրանտը մուտք գործեց Հայաստան միշտ չէ, որ դիմում է մեր ծառայությանը, որպեսզի մուտքը օրինական դառնա, այսպիսի դեպքերը բազմաթիվ են: Նրանք կարողանում են 21 կամ 120 օրվա տևողության մուտքի վիզայով մուտք գործել, այնուհետև առանց օրինականացնելու իրենց կարգավիճակը մնան, աշխատեն»,-ասաց Դավթյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներից և մասնավորապես Ռուսաստանից աշխատանքային ներգաղթյալների թվերին, բանախոսը նշեց, որ դրանք պարզելը բավականին դժվար է, քանի որ այս դեպքում գործում է՝ մի կողմից ՀՀ-ՌԴ երկկողմ պայմանագիրը, մյուս կողմից՝ ԵԱՏՄ պայմանագիրը: ՄՔԾ պետի տեղակալի խոսքերով Հայաստանում օրինական բնակության համար բավական է, որպեսզի ՌԴ քաղաքացին ունենա գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագիր:
Միևնույն ժամանակ՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներին, այդ թվում ՌԴ քաղաքացիներին առաջարկում է դիմել ՄՔԾ և ստանալ ոչ թե կացության կարգավիճակ, այլ իրենց օրինական բնակությունը հավաստող քարտ, որը հնարավորություն է տալիս բանկերում գործարքներ կատարել և նույնիսկ դիմել այլ դեսպանատներ՝ վիզա ստանալու նպատակով:
Դավթյանը նշեց, որ նման քարտերի համար ԵԱՏՄ երկրներից դիմողների շուրջ 90 տոկոսը ՌԴ քաղաքացիներն են: Ըստ նրա 2024 թվականից հետո նման քարտերի համար դիմողների թիվը 3024 էր և հետագայում չի ավելացել: 2025 թվականին դիմողները նվազել են․ ԵԱՏՄ երկրներից քարտերի համար դիմողների թվերը կազմել է 2509, որից 2401-ը եղել են ՌԴ քաղաքացիներ: Որոշակի աճ արդեն կա այս տարվա միայն առաջին կիսամյակում արձանագրված տվյալներով: Այս դեպքում ԵԱՏՄ երկրներից դիմողների թիվը հասել է 2937-ի, որից 2780-ը եղել են կրկին ՌԴ քաղաքացիներ:
Ըստ նրա՝ թվի կտրուկ նվազումը կապված է Կառավարության ընդունած որոշման հետ, որը եկամտահարկի արտոնություններ էր տալիս անհատ ձեռնարկատերերին (ԱՁ):
«Սա բերեց նրան, որ ՌԴ քաղաքացիները ԱՁ գրանցելու հիմքով, ոչ թե ԵԱՏՄ-ի արտոնություններից են օգտվում, այլ գալիս են կացության կարգավիճակ են ստանում ԱՁ հիմքով, որպեսզի եկամտահարկի արտոնություն ունենան»,-նշեց ՄՔԾ պետի տեղակալը:
Անդրադառնալով Իրանից ներկա պահին առկա միգրացիոն հոսքերին՝ բանախոսը նշեց, որ ԱՄՆ-Իրան հակամարտությամբ պայմանավորված և առկա անվտանգային խնդիրներից ելնելով ավելի շատ ավելանում են ապաստան հայցողների հոսքերը, որոնց թվերը չի կարող բարձրաձայնել, իսկ կացության կարգավիճակ հայցողների թվերը չեն աճել։
Դավթյանը նաև նշեց, որ պայմանավորված վերջին ժամանակաշրջանում հակամարտությունների աճի հետ ՄՔԾ-ն նաև հայցեր է ստացել Մերձավոր արևելքի երկրներից, ինչպիսիք են Եմենը, Լիբանանը, Իրաքը, Սիրիան: «Աճ կա այստեղ ևս, բայց այդպես 1000-ներով չէ և կրիտիկականի չի հասնում»,-ասաց Դավթյանը:
Պաշտոնյան նշեց, որ 2022 թվականից հետո Հայաստանը բախվել է ներհոսքի աննախադեպ աշխուժացման հետ: «Հայաստանը մշտապես եղել է միգրացիայի ծագող երկիր, որտեղից մարդիկ գնում են և դա երկրի համար դեմոգրաֆիկ խնդիրներ է բերում: Ընդամենը վերջին 4-5 տարվա մեջ խոսույթը փոփոխվել է և խոսում ենք արդեն դեպի Հայաստան արաբական և ասիական երկրներից միգրացիոն հոսքերի մասին: Սա նշանակում է, որ նոր երևույթ է և մեր պետությունը լիովին պատրաստ չէ այս իրավիճակին, որովհետև այն օրենքները որոնք ընդունվել են անկախությունից հետո՝ նույն օտարերկրյա քաղաքացիների մասին, քաղաքացիության մասին օրենքները, դրանք ավելի շատ գրված են եղել հենց այդ տեսակետներով, որ Հայաստանը էմիգրացիոն երկիր է»,-ասաց Դավթյանը:
Նա բացատրեց, որ անվտանգության հիմնական մարտահրավերները բխում են անօրինական միգրացիայից, պատճառը գործատուի անպատասխանատու վերաբերմունքն է, երբ որ իր համար ավելի ձեռնտու է օտարերկրացուն աշխատացնելն ու գումարը չվճարելը: «Հիմա փորձում ենք կայացնել անօրինական միգրացիայի վերաբերյալ և՛ օրենսդրությունը, և՛ ենթակառուցվածքները: Կարելի է ասել, որ այս ուղղությամբ մեր մոտ շատ մեծ բացեր կան: Օրինակ, պետական բյուջեում չկա նախատեսված գումար, որ եթե անօրինական միգրանտին հայտնաբերեցինք, արտաքսենք: Ամբողջ աշխարհում ընդունված մոդել է, երբ որ միգրանտին հայտնաբերում են նախ փորձում են կամավոր վերադարձնեն: Ամենակարևորը, եթե միգրանտը կամավոր չի գնում և պիտի արտաքսենք, ապա անհրաժեշտ է ինչ որ մի տեղ նրան պահել: Մենք այդ կացարաններն էլ չունենք հիմա: Կա սրա նախագիծը, դիզայնը և փորձում ենք դոնորներից ֆինանսական միջոցներ գտնել որպեսզի այդ հարցը լուծենք»,-ասաց Դավթյանը և նշեց, որ անօրինական միգրացիան նաև մեծ խնդիր է կապված վիզաների ազատականացման գործընթացի հետ մեր ստանձնած պարտավորություններում, որպեսզի անօրինական միգրանտները չկարողանան Հայաստանով ներթափանցել Եվրոպա։