ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ մրցաշարերում բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագիրը, կարծես թե, վտանգի տակ է, քանի որ երրորդ կոնֆեդերացիան դեմ է արտահայտվել, գրել է BBC-ն։
Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ «համերաշխություն է հայտնում» Եվրոպայի, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի իր գործընկերներին։
ԱՖԿ-ն նշել է, որ Ինֆանտինոյի ծրագիրը չի կարող «իրատեսորեն հասնել առաջ շարժվելու համար անհրաժեշտ լայն կոնսենսուսի և միասնության»։
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետն է և իր ուժը ստանում է բոլոր կոնֆեդերացիաների և աշխարհի առաջատար ֆուտբոլային ազգերի մասնակցությունից», – ասվում է հայտարարության մեջ։
«Ցանկացած առաջարկ, որը կարող է խաթարել մրցաշարի միասնությունն ու համընդհանուր բնույթը, պետք է վերանայվի»։
ԱՖԿ-ի հայտարարությունը նշանակում է, որ Ինֆանտինոյի ծրագրերը հավանաբար չեն հաստատվի ՖԻՖԱ-ի անդամների կողմից, եթե դրանք դրվեն քվեարկության։ Ինֆանտինոն նշել էր, որ առաջարկները պետք է ընդունվեն մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ 211 անդամներից 106-ը պետք է քվեարկեն առաջարկի օգտին։
ՈՒԵՖԱ-ն՝ եվրոպական ֆուտբոլը կառավարող մարմինը, ունի 55 ձայն։ Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլը վերահսկող CONCACAF-ն ունի 35, իսկ Ասիան՝ 46։
Ասիական ֆուտբոլի կառավարող մարմինը մեղադրել է ՖԻՖԱ-ին շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց առաջ «նշանակալի նախաձեռնության» «ուղղությունը» կրկին սահմանելու մեջ։ Այն նշել է, որ ՖԻՖԱ-ի կողմից իր անդամ ասոցիացիաների հետ առաջարկների վերաբերյալ չխորհրդակցելը «բացահայտել է ՖԻՖԱ-ի խորհրդակցությունների և որոշումների կայացման գործընթացների հիմնարար թուլությունները, որոնք այժմ պետք է լուծվեն»։
ԱՖԿ-ն քննադատել է ՖԻՖԱ-ին՝ «կոնֆեդերացիաներին, անդամ ասոցիացիաներին և նույնիսկ ՖԻՖԱ-ի սեփական կառավարման մարմիններին, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի խորհրդին, անտեսելու համար»։
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը և խաղն ինքնին պատկանում են ամբողջ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքին», – ընդգծել է կառույցը։
Նրանց ապագան միշտ պետք է ձևավորվի համատեղ՝ բոլոր կոնֆեդերացիաների և անդամ ասոցիացիաների ձայները արտացոլող ինստիտուտների միջոցով։ «ԱՖԿ-ն կոչ է անում ՖԻՖԱ-ին անհապաղ վերանայել իր կառավարման և որոշումների կայացման շրջանակը՝ ապահովելու համար, որ համաշխարհային նշանակության առաջարկները մշակվեն ՖԻՖԱ-ի կանոնադրական մարմինների կողմից պատշաճ խորհրդակցությունների, իմաստալի ներգրավվածության և համապատասխան վերահսկողության միջոցով»։