Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը, աշխարհի Մ-17 չեմպիոնի դարձած Ջանես Նազարյանը (71 կգ) և բրոնզե մեդալակիրներ Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գևորգ Հարությունյանը (51 կգ) լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են Բաքվում անցկացվող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը:
Ջանես Նազարյանը, ամփոփելով իր մրցելույթը, առանձնացրել է ռուս ըմբիշի դեմ եզրափակիչի գոտեմարտը, որում հաղթել էր 4:3 հաշվով:
«Ամեն բան լավ էր: Լարվածություն կար, բայց դա պատասխանատվության զգացում էր, այլ ոչ թե այն բանի համար, որ թշնամի երկիր է: Գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք էինք կատարել: Կային որոշ սխալներ, բայց դրանք չազդեցին ընդհանուր արդյունքի վրա: Ընդհանուր առմամբ, մրցելույթս լավ եմ գնահատում, կարծում եմ՝ մարզիչներն էլ են նույն կարծիքին:
Կառնաձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, որը չընթացավ մեր ծրագրվածով, քանի որ սխալներ թույլ տվեցի, բայց մարզիչների հանգստության և հուշումների շնորհիվ կարողացա հասնել հաղթանակի»,- ասել է Ջանես Նազարյանը: