ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին, եթե Թեհրանը համաձայնի հրադադարի, գրում է The New York Post-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Սա ցանկացած բանակցության հիմքն է․ դրանք սկսվում են հրադադարից, և հրադադարը պետք է սկսվի Իրանից», – պարբերականին ասել է անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական կարգավորման համար, սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), նրա պնդմամբ, «դուրս է եկել վերահսկողությունից» և շարունակում է հարվածներ հասցնել։
Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը պետք է վերահսկողություն հաստատի իրավիճակի նկատմամբ։
«Նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ ցանկանում է հնարավորինս արագ հասնել համաձայնության։ Սակայն եթե Իրանը շարունակի հարձակումներ գործել նավերի, ԱՄՆ ռազմաբազաների և Պարսից ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների դեմ, դրա համար ստիպված կլինի վճարել», – ընդգծել է նա։