Wildberries առևտրային հարթակն ավարտում է Հայաստանից այն վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը, որոնց ապրանքները տուժել են ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Wildberries առևտրային հարթակն ավարտում է Հայաստանից այն վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը, որոնց ապրանքները տուժել են ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։
Այս մասին Wildberries-ի ներկայացուցիչները հայտնել են հուլիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանի և Լիլիա Սիրականյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտարարվել է, որ Wildberries-ն արդեն սկսել է հաշվարկների իրականացումը, իսկ փոխհատուցումների վճարման մեխանիզմներն ու մոտեցումները գտնվում են պատրաստման եզրափակիչ փուլում։ Գործընթացի ընթացքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման և հետագա ուղղություններին առնչվող հարցեր։
«Wildberries»-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։