Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ․ ՈւԵՖԱ–ն չի մասնակցի ՖԻՖԱ–ի մրցաշարերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՈւԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՈւԵՖԱ-ն։

Ըստ հայտարարության՝ ՈւԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները մերժում են աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու` ՖԻՖԱ-ի առաջարկը: Շեշտում են՝ քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի։

Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել է 4,2 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը: Ենթադրվում է, որ այդ կառույցին կփոխանցվեն ՖԻՖԱ-ի մեդիա և առևտրային իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների նկատմամբ։

«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։ ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման»,- նշված է հայտարարության մեջ։

ՈւԵՖԱ-ն վստահ է, որ մասնավոր ներդրողների հայտնվելով՝ ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ, քանի որ բոլոր հիմնական որոշումները կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բաժնետոմսերի հավանական գնորդներից կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը՝ Ջոշուա Քուշները:

Leave a comment