Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական կոլեկտիվներում առողջ մթնոլորտի պահպանումը
Հուլիսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ Այցի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։
Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանը և իրավախախտումների կանխարգելմանն առնչվող հարցերին։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ լինել ծառայակիցների համար և դրսևորել բարձր պատասխանատվություն առաջադրված խնդիրների կատարման, զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։
Հանդիպումից հետո ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճաշել է զինծառայողների հետ։