Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ գտնվում են անելանելի իրավիճակում և պահանջում են անհապաղ վերաբացել իրենց աշխատատեղերը


ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների տասնյակ աշխատակիցներ այսօր հավաքվել են կառավարության շենքի առջև` պահանջելով վերականգնել իրենց աշխատելու հնարավորությունը և լուծել ֆինանսական խնդիրները։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ գտնվում են անելանելի իրավիճակում և պահանջում են անհապաղ վերաբացել իրենց աշխատատեղերը։

«Ուզում ենք գնանք աշխատանքի, մեր աշխատավարձերն ենք ուզում ստանալ»,- ասաց մասնակիցներից մեկը։

Ակցիայի ընթացքում աշխատակիցները հանդիպեցին կառավարության դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանի հետ, որին ներկայացրին իրենց պահանջները։

«Նա լիովին լսեց մեր բողոքը, իսկ մեր պահանջը 3 էր։ Պահանջում էինք, որ մեր ընկերությունները բոլորը բացվեն, մեր բանկային հաշիվները կալանքից դուրս գան և աշխատավարձերը», – ասաց ակցիայի մասնակիցը` անդրադառնալով հանդիպմանը։


Ծառուկյանի ձեռնարկությունների մասին


Նշենք, որ սույն թվականի հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Multi Group-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ներգրավված է խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործում։


Դրանից հետո հայտնի դարձավ հոլդինգի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի կապարակնքված ձեռնարկություններից մի քանիսի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։


Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ վերսկսելով աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։


Հուլիսի 23-ին նույնպես Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կնքված տաղավարների պատճառով առաջացած պարապուրդի դեմ։


Քննչական կոմիտեն նշել է, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում, իսկ դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։


Դրա հետ կապված՝ վարույթն իրականացնող մարմինը, հասարակական անվտանգության ապահովման նպատակով, կապարակնքել է նշված օբյեկտները։


 

Leave a comment