Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին

ՀԾԿՀ-ում քննարկվել են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական և էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տարածական տվյալների հավաքագրման, համակարգման և ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը։

ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Սույն թվականի հուլիսի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման, ազգային գեոպորտալին ինտեգրման և դրանց արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ապահովմանը և ենթակառուցվածքների վերաբերյալ արդիական և ամբողջական տվյալների հասանելիության կարևորությանը։ Նշվել է, որ տարածական տվյալների միասնական կառավարման համակարգը հնարավորություն կտա բարձրացնել ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման արդյունավետությունը, ինչը կնպաստի ավելի որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։

Քննարկման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ հանրային ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման ուղղությամբ։

Leave a comment