«Ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա». Փաշինյանը` Moody’s–ի տվյալների մասին

Բաժանորդագրվել

ՀՀ միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով` 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Moody’s վարկանիշային գործակալության հրապարակած տվյալներին։

Moody’s–ը հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։

Փաշինյանը նշեց` Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով, օրինակ` աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ։

«Սա շատ կարևոր է. պարզվում է` ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա»,– հավելեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի` միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։

Leave a comment