Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է 10 տարում ԱՄՆ-ի օգնությունից Իսրայելի հրաժարման պլանը

Բաժանորդագրվել

Իսրայելին 38 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ ռազմական օգնության մասին 10 տարվա համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է տասը տարվա ընթացքում ամերիկյան ռազմական օգնության աստիճանական դադարեցման ծրագիր՝ հայտարարելով երկրի պաշտպանության ոլորտում լիակատար անկախության հասնելու ձգտման մասին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։

«Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Նեթանյահուն Թրամփին, փոխնախագահ Վենսին և Ուիտկոֆին հայտարարել է, որ ինքը լրջորեն տրամադրված է 10 տարվա ընթացքում Իսրայելին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը կրճատել՝ հասցնելով զրոյի։ Նա ընդգծել է, որ ցանկանում է անցնել համապատասխան փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցություններին»,- գրում է պորտալը։

Այդ նպատակին հասնելու համար Իսրայելի վարչապետն արդեն պաշտպանական ոլորտին հանձնարարել է տասը տարվա ընթացքում մշակել սեփական ժամանակակից կործանիչը՝ F-35 կործանիչների մատակարարման դադարեցման դեպքում օգտագործելու համար։

Անցումային շրջանում Նեթանյահուն, Axios-ի տեղեկություններով, առաջարկում է նոր հուշագրում ամրագրել 16 միլիարդ դոլարի ուղիղ ռազմական օգնություն և 5-10 միլիարդ դոլար՝ իսրայելական ՀՕՊ համակարգերի զարգացման համար։ Բացի այդ, նախագիծը ներառում է նոր զենքերի հետազոտման և մշակման համատեղ հիմնադրամի ստեղծում՝ ևս 16 միլիարդ դոլարի չափով։

Իսրայելին 38 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ ռազմական օգնության ընթացիկ 10-ամյա համաձայնագիրը կդադարի գործել 2028 թվականին։ Նեթանյահուն բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան դոտացիաներ ստացողի կարգավիճակից և անցնի իրավահավասար տեխնոլոգիական գործընկերության։

Leave a comment