Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ. Գեղասահքի ֆեդերացիան անելանելի վիճակում է


Սպորտ

Օրեր առաջ Գեղասահքի ֆեդերացիան հայտարարեց, որ մեր մարզիկները՝ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ուՆիկիտա Ռախմանինը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը համարվում է ամենակարեւոր ՝ 2025-2026 մրցաշրջանի մրցաշարերից մեկը Օլիմպիական խաղերից առաջ: Թե ինչումն է խնդիրը, «Իրավունք»-ը մանրամասներ պարզեց Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԱՄ ՎԼԱՍՅԱՆԻՑ:

Ինչպես արդեն գիտենք, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում չի տրամադրել մուտքի վիզաները Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներին, ինչի հետեւանքով մեր մարզիկները զրկվել են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմենաբանեք սա:

— Մեկնաբանել չեմ կարող, քանի որ նրանք եւս ոչ մի կերպ չեն մեկնաբանում, թե որտեղ է փաստաթղթերը եւ որտեղից պետք է գա՝ Լոնդոնի՞ց, կամ արդյո՞ք դեռ մարզիկների թղթերը գտնվում է իրենց դեսպանատանը, այդպես էլ չգիտենք:

Մենք ժամանակին ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն իրենց ուշացման պատճառով մարզիկները չկարողացան մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նման բան առաջին անգամն է լինում եւ մինչ հիմա չգիտենք, թե ինչումն էր ուշացման պատճառը: Շատ հնարավոր է, որ այս երկու օրը թղթերը տեղ հասնեն, սակայն դա արդեն մեզ պետք չէ:

Դեկտեմբերի 10-ին բոլոր թղթերը ներկայացվել է ու թե ինչու այսքան ուշացավ, չունենք պատասխան, թեեւ հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւմն է խնդիրը: Անգամ ԿԳՄՍ նախարարությունն է աջակցել եւ բոլոր հնարավոր լծակներին դիմել ենք, որ փորձենք այդ հարցը լուծել, սակայն ապարդյուն…

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի համար սա վերջնական եւ շատ լուրջ մրցումներ էր ու ստացվում է, որ Օլիպիադա կգնան՝ առանց Եվրոպայի մրցումներին մասնակցելու: Պիտի շեշտեմ, որ մենք ավելի քան վստահ էինք, որ Եվրոպայի մրցումներում մեր մարզիկները եռյակում տեղ էին զբաղեցնելու:

Պարոն Վլասյան, միտում տեսնո՞ւմ եք այդ փաստաթղթերի ուշացման մեջ:

— Ոչ, չեմ կարծում: Իրականում չենք էլ կարողանում հասկանալ, թե ինչումն էր պատճառը նման ուշացման: Հավանաբար, բյուրոկրատիայի հետ է կախված, բայց ոչ մեր: Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ: Եթե արդյունք լինի դրանից, կարելի է մի բան անել, հակառակ դեպքում՝ պետք չէ հարաբերություններ փչացնել, որը առաջինը կվնասի մեր մարզիկներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment