Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում քննարկում չկա․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանը հիմք չի տեսնում, որ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած աղմկահարույց պատմության պատճառով Հայկ Կոնջորյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում, վերանայվի։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՔՊ-ական Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում այս փուլում քննարկում չկա։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական պրոցես է գնում․ նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցի վերանայմանը, Փաշինյանը դրա համար հիմք չի տեսնում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ներսում կա վերահսկող վարչություն, եթե կարիք լինի, հանձնաժողովը կքննարկի և կներկայացնի վարչությանը։

Leave a comment