Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ

Քաղաքականություն

29.07.2026 | 16:04

ՌԴ Տուլա քաղաքում բազմաբնակարան շենքի մուտքում կրակել են գործարարի վրա։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային գրասենյակը, գրում է Meduza-ն։

Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Միխեև փողոցի շենքերից մեկում։ Տուժած գործարարը հոսպիտալացվել է։

Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հարձակմանը մասնակցած անձինք պարզվում են։ Գերատեսչությունը վիրավոր գործարարի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։

Ուժայիններին մոտ կանգնած Mash և «112» տելեգրամ ալիքները հայտնել են, որ մահափորձն իրականացվել է Օդային տրանսպորտի ռուսական լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Չերեզովի դեմ։

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, երբ Չերեզովը տուն էր վերադառնում։ Հարձակվողը սպասել է գործարարին շենքի մուտքի մոտ և երեք անգամ կրակել նրա ուղղությամբ։ Չերեզովի կինը, որը լսել է կրակոցները, շտապօգնություն է կանչել։

Բաց տվյալները ցույց են տալիս, որ Չերեզովի ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Mash-ի տվյալներով՝ ընկերությունը վերջերս Վորոնեժի պետական ​​տեխնիկական համալսարանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման պատվեր է ստացել՝  գիտական աշխատանքների համար: Չի նշվում՝ արդյո՞ք ընկերությունը որևէ կապ ունի ռազմական գործունեության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment