Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան


Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք: Առնվազն մի քանի հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք՝ ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու, ձևակերպելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի բովանդակությանը:


«Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդը քվեարկել է դրա օգտին:


Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ՝ չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվել ենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա: ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պիտի ունենա այլընտրանքներ: Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է:


Ինչ վերաբերում է պրոբլեմին (հայկական ապրանքների արտահանմանը-խմբ.), տեսեք՝ մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է: Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում, և եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու պլան չունի:


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին:


Զրուցակիցները մտքեր էին փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։


 

Leave a comment