Փոփոխություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայում․ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից


 


Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:


 


Մասնավորապես՝


• վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,


• հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,


• պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,


• երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,


• մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,


• հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,


• կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը,


 


Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը։


 


Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից։

Leave a comment