Apple-ը գործարկում է iPhone-ի լիզինգի ծրագիր՝ ամսական 17.99 դոլարից սկսած

Apple-ն ԱՄՆ-ում գործարկում է սարքերի լիզինգի նոր ծրագիր՝ ֆինտեխ ոլորտում գործող Klarna ծառայության հետ համատեղ: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Upgrade անվանումը կրող նախաձեռնության շրջանակում ամերիկացի սպառողները կկարողանան մինչև երկու տարի ժամկետով վարձակալել iPhone՝ ամսական 17.99 դոլարից սկսվող վճարով։

Նոր ռազմավարությունն ուղղված է բիզնեսի սեզոնայնության մեղմացմանը և սմարթֆոնների փոխարինման ցիկլի կրճատմանը, որն այժմ հասնում է գրեթե չորս տարվա։ Ծրագրի պայմաններով՝ հաճախորդները կանխավճար կամ ապահովագրական դեպոզիտ չեն վճարում, իսկ 24 ամիս անց պարտավոր են վերադարձնել սարքը, գնել այն կամ փոխանակել նոր մոդելի հետ։ Արժեքը կախված է սարքի դասից․ օրինակ՝ iPhone 17 Pro-ի վարձակալությունը երկամյա պայմանագրով կարժենա ամսական 31.99 դոլար, մինչդեռ iPhone 16-ի նման բազային մոդելները ծրագրում ներառված չեն։

IDC-ի հետազոտությունների ավագ տնօրեն Նաբիլա Պոպալը նշել է, որ Apple-ի սպառողների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում և այլ զարգացած շուկաներում, սարքերը գնում է ապառիկ կամ trade-in ծրագրի միջոցով, ուստի կարելի է ակնկալել շատ ավելի ագրեսիվ առաջարկների ի հայտ գալը։

Լիզինգի ծրագրի գործարկումը տեղի է ունենում հիշողության համաշխարհային դեֆիցիտի ֆոնին, որի պատճառով ընկերությունը հունիսին արդեն առնվազն 100 դոլարով բարձրացրել էր iPad-ի և Mac-ի գները։ Փորձագետները կանխատեսում են արտադրանքի գների հետագա աճ․ Morgan Stanley-ում չեն բացառում, որ ապագա iPhone 18 Pro-ի գինը կարող է բարձրանալ 200 դոլարով՝ համախառն մարժան պահպանելու համար, իսկ սեպտեմբերին ծալովի սմարթֆոնի հայտնվելը գնորդների համար կարող է արժենալ մոտ 2500 դոլար։

Ավելի վաղ ընկերությունը փակել էր իր նախորդ թարմացման ծրագիրը, որի շրջանակում ամսական վճարը գերազանցում էր 42 դոլարը՝ առաջարկելու ավելի մատչելի այլընտրանք և ուժեղացնելու մրցակցությունը բջջային օպերատորների հետ։

Leave a comment