Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանից մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել՝ փորձելով «անսպասելի հարձակում» իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են բոլոր հրթիռները հաջողությամբ որսալու մասին:
«Տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը շարունակում են զգոն լինել և բարձր պատրաստվածության վիճակում»,- հայտարարել է CENTCOM-ը։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Նա նշել էր, որ սա Թեհրանի առաջին հրթիռային հարձակումն է տարածաշրջանում ամերիկյան բազայի վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածները դադարեցնելու որոշումից հետո։
Միաժամանակ, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինյալների դեմ, որոնք վերջին օրերին իրականացրել են երկու տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, հայտնել են ԱՄՆ զինված ուժերը։
Հարվածները թիրախավորել են «Իրանի հետ կապված ահաբեկիչներին, որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրահանգել է հարձակվել ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա», ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
Այն նաև զգուշացրել է, որ «ԻՀՊԿ-ն և նրա ահաբեկչական ներկայացուցիչները պետք է դադարեցնեն այս հարձակումները՝ ԱՄՆ հետագա ռազմական պատասխանից խուսափելու համար»։
Սաուդյան Արաբիան հաստատել է իր մասնակցությունը հարվածներին, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածել է «իրաքյան տարածքում գտնվող այն զինյալներին պատկանող թիրախներին, որոնք կապված են թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ»։
Իրաքի նախկին կիսառազմական դաշինքի առնվազն 10 անդամ է սպանվել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ավիահարվածների հետևանքով երկրում գտնվող նրանց բազաների վրա, հայտնել են դաշինքի երկու աղբյուրներ AFP-ին։
Հարվածները հասցվել են «Հաշդ ալ-Շաաբի» դիրքերին «մի քանի նահանգներում, որոնցից ամենամահացու հարձակումը տեղի է ունեցել Նինվե նահանգում, որտեղ սպանվել է առնվազն 10 անդամ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի։ Նա հավելել է, որ վիրավորների մասին հաղորդվել է նաև այլ նահանգներում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել և կանգնեցրել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ։ Կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ «երեք խախտում կատարած նավթային լցանավերը, որոնք անտեսել են նախազգուշացումները և շարունակել են նավարկել ոչ անվտանգ և անօրինական ճանապարհով, հարվածվել և կանգ են առել», հաղորդում է Tasnim գործակալությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի