«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ ու ապահովեց առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոք Ռովերսին», որին տանը հաղթել էր 2:0 հաշվով:

Դուբլինում կայացած հանդիպման առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո հաշիվը կրճատեց «Արարատ-Արմենիայի» բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:

Որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ, որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ալբանական «Էգնատիային» (3:3, 2:2, 11մ՝ 4:1):  Այդ դիմակայության պարտվողը պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որականորման փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում հաղթել էր Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3): Երևանյան ակումբն առաջին անգամ կխաղա եվրագավաթների խմբային փուլում:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Մեթյու Հալի, 11, Աարոն Գրին, 36 – Սանդրո Լիմա, 73

Leave a comment