Օգոստոսի 1–ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում:
Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
Տեսչական մարմնից նշում են, որ առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:
«Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ: 2026թ.–ի օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ», – նշում են գերատեսչությունից։
Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահանջը:
Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։