«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնը զենքի վաճառքի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կկայացնի։

«Ոչ ոք ինձ չի ասում, թե ինչ պետք է վաճառենք։ Թուրքիան ինձ համար հսկայական դաշնակից է եղել»,- Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։

Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է ընկեր և բարձր գնահատել նրա դերը տարածաշրջանային զարգացումներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թրամփը նաև Թուրքիան անվանել է  «շատ հզոր երկիր»՝ «հսկայական բանակով»։ Ընդունելով Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը՝ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է սերտորեն համագործակցել Անկարայի հետ։

Այս ամսվա սկզբին Բենիամին Նեթանյահուն հրապարակավ դեմ էր արտահայտվել Թուրքիային F-35-երի և կործանիչների շարժիչների հնարավոր վաճառքին։

Հուլիսի 7-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ «անպայման կքննարկի» Թուրքիային F-35 ծրագրին վերադառնալու հնարավորությունը՝ երկիրը բնութագրելով որպես «շատ ավելի հավատարիմ, քան մյուս երկրները»։

Էրդողանը հետագայում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը դրական մոտեցում է ցուցաբերել ինքնաթիռների մատակարարման հարցում։

Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել է F-35 ծրագրից 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Անկարան ձեռք էր բերել Ռուսաստանի C-400 հակաօդային պաշտպանության համակարգը՝ պնդելով, որ դա կարող է վտանգել ինքնաթիռի անվտանգությունը։

Ցանկացած վաճառք դեռ պետք է հաղթահարի C-400-ի վեճի հետ կապված իրավական և կոնգրեսական խոչընդոտները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը անցյալ շաբաթ Կոնգրեսին հայտնել էր, որ Թուրքիան դեռևս չի բավարարել փոխանցման պայմանները։

Անկարան պնդում է, որ C-400 և F-35 համակարգերը կարող են գործել առանձին և առաջարկել է համատեղ տեխնիկական հանձնաժողով ստեղծել՝ հարցը քննելու համար։ Ըստ Թուրքիայի՝ ծրագրից երկրի հեռացումն անհիմն էր, իսկ Անկարայի կողմից ինքնաթիռների ձեռքբերումը միայն կամրապնդի ՆԱՏՕ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment