Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ պատվիրակությունը լքել է դահլիճը Ֆրանսիայի գործընկերների ելույթի ժամանակ՝ ի նշան բողոքի։ Սրան նախորդել էր երկու կողմերի միջև դիվանագիտական ​​​​վեճ, կողմերը միմյանց մեղադրել էին մարդու իրավունքներն անտեսելու մեջ, հայտնում է  Associated Press-ը, որին վկայակոչում է The Insider-ը։

Նիստից հեռանալուց հետո ԱՄՆ փոխդեսպան Դեն Նեգրեան Ֆրանսիային մեղադրել է «բարոյական վրդովմունք» ձևացնելու  և «աշխարհին ամեն առիթով սովորեցնելու փորձերի» մեջ։

Այս միջադեպից կարճ ժամանակ առաջ՝ ուրբաթ օրը, ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելությունը սոցիալական ցանցերում ԱՄՆ-ն դասել էր Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հետ նույն շարքում՝ մարդու իրավունքների ոլորտում։

«ԱՄՆ-ը մի ժամանակ մարդու իրավունքների փարոս էր։ Այլևս ոչ։ Այսօր այն մեկուսացված կանգնած է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի կողքին։ Եվ աշխարհն այլևս  նրան չի լսում»,- գրել էր ֆրանսիական առաքելությունը՝ հրապարակմանն ավելացնելով #AmericaAlone հեշթեգը։

Այս գրառումը հայտնվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի նշանակման վերաբերյալ Անվտանգության խորհրդում քվեարկությունից հետո. Վոլկեր Թյուրկը վերանշանակման առաջարկ էր ստացել: Նա ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն մի քանի երկրներ դեմ են քվեարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Հյուսիսային Կորեան, Արգենտինան, Մալին և այլ երկրներ։

Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը գրել է, որ Փարիզն աջակցում է մարդու իրավունքների ամենաաղաղակող խախտողներին. «Ֆրանսիան քվեարկել է մեկի օգտին, ով դասախոսություններ է կարդում ազատ, ինքնիշխան ժողովրդավարությունների մասին, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, մինչդեռ  խաղում է աշխարհում այն ամենադաժան ճնշողների հետ»։

Թյուրկը ՄԱԿ-ի մարդու իրավունքների իգերագույն հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։ Նա կտրուկ քննադատել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, Իսրայելի պատերազմը Գազայում և, օրինակ, ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունը։ Նա կոչ էր արել վերանայել ամերիկյան այդ քաղաքականությունն Աշխարհի առաջնությունից առաջ՝ նշելով «ռասայական պրոֆիլավորման, հսկողության և ներգաղթային օրենսդրության կիրառման» հետ կապված խնդիրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment