Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ինքն իրեն նախկին տրիլիոնատեր է անվանել։ Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կիսով չափ նվազել է՝ հասնելով 725 մլրդ դոլարի։
«Նախկին տրիլիոնատեր», – գրել է նա X-ի իր էջում։
Մասկի կարողության՝ 1 տրլն դոլարից նվազելու մասին Bloomberg-ը գրել էր հունիսի 24-ին։
Մասկը պատմության մեջ առաջին տրիլիոնատերն է դարձել հունիսի 12-ին՝ իր ավիատիեզերական ընկերության՝ SpaceX-ի IPO-ից հետո, և այդ կարգավիճակում է մնացել գրեթե երկու շաբաթ։ Հունիսի 16-ին, ըստ Forbes-ի գնահատականի, նրա կարողությունը հասել է առավելագույնին՝ մոտ 1.45 տրլն դոլարի։
IPO-ից ընդամենը մի քանի օր անց SpaceX-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով Մասկը կորցրել է տրիլիոնատերի կարգավիճակը։ Ավելի ուշ՝ հուլիսի 13-ին, SpaceX-ի բաժնետոմսերը առավելագույն մակարդակից նվազել են 40%-ով և մոտեցել IPO-ի գնին։
Հուլիսի վերջին նրա Tesla ընկերությունը մեկ օրում կորցրել է 214.5 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա։ Սա ընկերության պատմության մեջ ամենախոշոր օրական անկումն էր։ Դրա պատճառը ֆինանսական արդյունքների հրապարակումն էր։ Մասնավորապես, ընկերությունը հայտնել էր, որ ճշգրտված շահույթը կազմել է 0.31 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, մինչդեռ Wall Street-ի վերլուծաբաններն ակնկալում էին 0.51 դոլար։ Tesla-ի ճշգրտված զուտ շահույթը նույնպես նվազել է։
Հիշեցնենք՝ Իլոն Մասկը SpaceX-ի խոշորագույն բաժնետերն է և ընկերությունում զբաղեցնում է տնօրենների խորհրդի նախագահի, գլխավոր տնօրենի և գլխավոր տեխնիկական տնօրենի պաշտոնները։ Forbes-ի տվյալներով՝ նրան է պատկանում ընկերության 4.8 մլրդ բաժնետոմս, ինչպես նաև բաժնետոմսերի 350 մլն օպցիոն՝ մեկ բաժնետոմսի դիմաց 8.40 դոլար իրացման գնով։
Ձեռնարկատերը նաև տնօրինում է Tesla-ի բաժնետոմսերի 10%-ից փոքր-ինչ ավելի մասը, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 1.5 տրլն դոլար։ Այդ փաթեթի արժեքը գնահատվում է 163 մլրդ դոլար։ Բացի այդ, նրան են պատկանում նաև Tesla-ի գրեթե 8% բաժնետոմսեր ձեռք բերելու օպցիոններ, որոնց արժեքը կազմում է մոտ 113 մլրդ դոլար։ Նրա ակտիվների թվում են նաև նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերության և ենթակառուցվածքների ու թունելների կառուցմամբ զբաղվող Boring Company-ի բաժնեմասերը, ինչպես նաև Tesla-ի բաժնետոմսերի նախկին վաճառքներից ստացված մի քանի միլիարդ դոլարը։