ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար գեներալ Բրեդ Կուպերը խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում իրականացվող ռմբակոծությունները՝ նշելով, որ դրանք հասել են իրենց արդյունավետության սահմանին։
Հաղորդվում է, որ Կուպերի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մյուս խորհրդականների առաջարկությունները ազդեցություն են ունեցել Դոնալդ Թրամփի որոշման վրա՝ ժամանակավորապես դադարեցնելու Իրանի դեմ ամերիկյան հարվածները։
Ըստ տեղեկությունների՝ շաբաթվա սկզբին Կուպերն իր առաջարկությունները ներկայացրել է Պենտագոնին, Շտաբերի պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը՝ հետագա գործողությունների վերաբերյալ։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում երկու շաբաթ շարունակ իրականացված հարվածները զգալիորեն թուլացրել են նավերի վրա հարձակումներ իրականացնելու Իրանի հնարավորությունները, իսկ ռմբակոծությունների համար նախատեսված թիրախների մեծ մասն արդեն խոցվել է։
Կուպերի խոսքով՝ հնարավոր հաջորդ քայլը կարող է լինել լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումը՝ «Էպիկական կատաղություն» (Epic Fury) գործողության ընթացքում չխոցված, սակայն նախանշված թիրախների մնացած շուրջ 20%-ը ոչնչացնելու նպատակով։ Հակառակ դեպքում, ըստ նրա, ռմբակոծությունների շարունակումը նպատակահարմար չէ։