Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո

Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել երկրում մի քանի շաբաթ շարունակվող լայնածավալ ուսանողական բողոքի ակցիաներից հետո։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Պրադհանը հայտարարել է, որ որոշել է հեռանալ պաշտոնից, որպեսզի «հակապետական ուժերը չկարողանան ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար»։

«Խորին հարգանքով եմ վերաբերվում այս երկրի երիտասարդության ձգտումներին, զգացմունքներին և օրինական սպասումներին։ Հնդկաստանի երիտասարդ սերնդի երազանքների իրականացումը մեր քաղաքական և հասարակական կյանքի բարոյական սկզբունքներից մեկն է», – նշել է նա։

The Guardian-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է վերջին 12 տարիների ընթացքում, երբ Հնդկական ժողովրդական կուսակցության (BJP) իշխանության օրոք հասարակական ճնշման հետևանքով նախարար է հրաժարական տալիս։ Կուսակցության առաջնորդը երկրի վարչապետ Նարենդրա Մոդին է։

Հնդկաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը, որոնք սկսվել են ազգային բժշկական ընդունելության NEET (National Eligibility cum Entrance Test) քննության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ Այս քննությունը բժշկական բուհեր ընդունվելու հիմնական միասնական թեստն է, և միլիոնավոր դիմորդների համար այն բարձրագույն կրթություն ստանալու ու սոցիալական առաջընթացի հնարավորություն է։

Մայիսի 3-ին քննությանը մասնակցել է ավելի քան երկու միլիոն դիմորդ։ Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ քննության առաջադրանքները նախապես արտահոսել են։ Իշխանությունները որոշել են չեղարկել արդյունքները և քննությունը կազմակերպել կրկին, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես դիմորդների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում։

Լարվածության ֆոնին «Ուտիճների կուսակցություն» անվանումով շարժումը կոչ է արել իր աջակիցներին բողոքի երթ կազմակերպել դեպի Հնդկաստանի խորհրդարան։ Հուլիսի 20-ին անցկացված ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Իշխանությունները ցույցը չէին համաձայնեցրել և այն ցրել են մահակների ու արցունքաբեր գազի կիրառմամբ։

Leave a comment