Հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների գործով հայտնի էր դարձել, որ առաջինը նախաքննական մարմինը կալանավորել էր պարագլուխ Արմեն Օհանյանին: Բանն այն է, որ Էրեբունի կրակոցների գործով կազմակերպիչ կալանավորված Արմեն Օհանյանը նախկինում անցել է քրեական վարույթով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա փոխել է ազգանունը եւ այժմ ներկայանում է «Օհանյան» ազգանունով։ Սակայն իր ազգանունը «Մարտիրոսյան» է:
Եվ այսպես 2009 թվականին Արմեն Մարտիրոսյանին, Կարեն Կարապետյանին և Պետրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակություններ կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպառնալիքներ տալով ավազակություններ են կատարել Երևան քաղաքում երեք տների բնակիչների նկատմամբ։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի նախաքննության փուլում տված ցուցմունքների 2009թ-ի նոյեմբերին հորարքոջ որդի Կարեն Կարապետյանն առաջարկել է զենքի գործադրմամբ հարձակումներ կատարել քաղաքացիների վրա և գումար հափշտակել, ապա այն բաժանել միմյանց միջև: Ինքը համաձայնվել է, որից հետո Կ.Կարապետյանը տվել է գազային ատրճանակ, բացատրել, որ պետք է թակի իրենց հարևանությամբ բնակվող Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի դուռը և ատրճանակը պահելով տան անդամների վրա` գումար պահանջի:
2009թ. նոյեմբերի 30-ին ժամը 21:30-ի սահմաններում Կ. Կարապետյանի հետ միասին եկել են վերջինիս բնակության վայր, որտեղ Կ.Կարապետյանը սպասել է դրսում, իսկ ինքը մոտեցել է Կուրղինյան փողոցի 5 շենքին: Արդյունքում, պատշգամբից, բաց դռներից անցնել է դեպի խոհանոց, ապա հյուրասենյակ, որտեղ ատրճանակաը պահելով սեղանի շուրջ նստած մի կնոջ ու նրա երեխաների վրա, պահանջել է չաղմկել և իրեն շտապ հանձնել գումարներն ու ոսկե զարդերը, հակառակ դեպքում սպառնալով, որ կսպանի: Նշված կինը ենթարկվել է իր պահանջին և ուղեկցել տան ննջասենյակ, որտեղից վերցրել է 645 ԱՄՆ դոլար և ոսկե, արծաթե զարդեր, արծաթե հուշանվերներ, հասարակ մետաղից զարդեր և ժամացույցներ, ապա տան մուտքի դռնից փախել է: Իսկ վերջում որտեղ հափշտակված գումարները հավասարապես կիսել են միմյանց միջև, իսկ ոսկե զարդերը մնացել են Կարենի մոտ` իրացնելու նպատակով:
Արմեն Գևորգի Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինը) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: