Իրանը Յեմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների և հրթիռային ու ԱԹՍ-ների բաղադրիչներ․ Reuters

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հուլիսի 13-ին Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղևորվել է հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա։ Սակայն օդանավակայանին հասցված հարվածից հետո այն փոխել է երթուղին և վայրէջք կատարել Հոդեյդա նավահանգստում։

Գործակալության զրուցակիցների պնդմամբ՝ ինքնաթիռում գտնվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 10-ից 21 զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ։ Նրանց խոսքով՝ օդանավը նաև տեղափոխել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, ինչպես նաև ոսկի, որը նախատեսված է եղել հութիների գործունեության ֆինանսավորման համար։

Միևնույն ժամանակ, հութիների ներկայացուցիչ Աբդել Ռահման ալ-Ահնոմին հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք անվանելով «սուտ և հորինվածք»։ Նրա խոսքով՝ նշված չվերթի բոլոր ուղևորները քաղաքացիական անձինք են եղել։

Reuters-ի աղբյուրների գնահատմամբ՝ հնարավոր տեղափոխումը նպատակ է ունեցել ուժեղացնել հութիների ռազմական ներուժը և ընդլայնել նրանց հնարավորությունները Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավագնացության դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment