0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. վաճառվողների ցանկն ընդլայնվել է

Բաժանորդագրվել

Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի քաղաքացիներն այսուհետ առանց աճուրդի կկարողանան ձեռք բերել թվային հատվածում «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող նոր պետհամարանիշեր։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Կառույցը հավելել է, որ դրանց արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։ Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Կառույցը հիշեցրել է, որ մինչ այժմ նման համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական կարգավորում չկար։ Նոր կարգավորմամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան այդ համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ձեռք բերել հաստատագրված գնով՝ առանց աճուրդի։

ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 23-ից։

Leave a comment