«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կարապետյանի նկատմամբ։
«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով», – նշել էր Խաչատրյանը։
Ավելի վաղ փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն, սակայն Գլխավոր դատախազություն է վերադարձրել նրան կալանավորելու մասին միջնորդությունը։
Հունիսի 7–ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Կարապետյանը ստացել է պատգամավոր մանդատ «Ուժեղ Հայաստան» դաշինքից։