Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարությունը սահմանեց բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանային անցման նոր կարգավորում՝ նախատեսելով կուտակային կայանատեղիների և հերթերի կառավարման միասնական համակարգ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ փոփոխությունը նպատակ ունի արագացնել արտահանման գործընթացը, ապահովել բեռների անխոչընդոտ անցումը և բացառել պետական սահմանի անցակետերում բեռնատարների կուտակումները։

Նախագծով սահմանվում է, որ Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի դեպքում բեռնատարները պետք է նախ մուտք գործեն կուտակային կայանատեղի, ապա շարժվեն դեպի սահմանային անցակետ։

Ըստ Հակոբյանի՝ այս երկու անցակետերն են ընտրվել, քանի որ դրանցով է անցնում բեռնատարների ամենամեծ հոսքը․ Բագրատաշենով օրական միջինը անցնում է 250, իսկ Ագարակով՝ ավելի քան 220 բեռնատար։

Կուտակային կայանատեղիները պետք է գտնվեն մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քմ տարածք, ասֆալտապատ կամ բետոնապատ հատվածներ, գծանշումներ, տեսախցիկներ և թվային համակարգեր, որոնք փոխկապակցված կլինեն մաքսային համակարգերի հետ։

Հերթերի կառավարման համակարգը գործելու է ՊԵԿ-ի կառավարմամբ։ Այն հնարավորություն կտա առցանց հետևել կայանատեղիների զբաղվածությանը և հերթերի ընթացքին։ Կայանատեղիների համար սահմանվել է նաև հերթագրման ծառայության առավելագույն վճար՝ 5000 դրամ։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a comment